Ինչ լռություն կտիրեր աշխարհում, եթե ամեն մեկն ասեր միայն իր իմացածը: Աշխարհում ընդհանրապես կատարելություն կհաստատվեր, եթե ոչ միայն ամեն մեկն ասեր իր իմացածը, այլև լսեր դիմացինին: Տարօրինակ պարադոքս կա՝ ասողին լսող է պետք, բայց լսողին էլ ասող է պետք: Իսկ ամենակարևորը՝ ասածներն անող է պետք: Հիմնականում ասում-խոսում, գնում-գալիս են, աշխարհում աղմուկ է, ու լռության գինը ոսկի է:
Բայց հրաշքներ լինում են, օրինակ, ՀՀ Անվտանգության խորհուրդն արդեն քարտուղար ունի՝ Արմեն Գևորգյան: Երկու տարի որոնում էին նրան ու չէին գտնում: Գտան, երբ հաջորդ օրը Երևանում պիտի անցկացվեր ՀԱՊԿ-ի ԱԽ քարտուղարների նիստ՝ Հայաստանը չէր կարող ասել՝ ես քարտուղար չունեմ, ձեզ ԱԽ նախագահը կընդունի կամ էլ ոչ ոք, եկել եք, ձեզ ու ձեզ նիստ արեք, ցրվեք: Արմեն Գևորգյանը, իհարկե, չի հասնի Լևոն Մկրտչյանին՝ նա ընդամենը երկրորդ անգամ է նույն պաշտոնում նշանակվում, բայց առաջին նշանակումից հետո այնքան ջրեր են հոսել, որ կարելի է նրան նոր քարտուղար համարել: Ինչ-որ շրջան ու ինչ-որ շրջանակ կա, որ վերադառնում է՝ հին կադրերի ու նոր նշանակումների ձևով: Ոչ միայն ԱԽ-ում: Ֆենոմենը, իհարկե, Հովիկ Աբրահամյանն է. նա այնքան անկեղծ, բուռն ու անարդյունք է պայքարում կոռուպցիայի դեմ, որ ավտոմեքենաներից հետո կրճատվում են փոխնախարարները և նույնիսկ սեպտեմբերին խորհրդարան է ներկայացվելու կոռուպցիայի դեմ պայքարի փաթեթ: Ամբողջ աշխարհում ընդունված է, որ օրենսդիր իշխանության գործը օրենքներ գրել և ընդունելն է, գործադիր իշխանությանը՝ կատարելը: Հայաստանում աստիճանաբար գործադիր իշխանությունը սահմանափակել է օրենսդիրի դերն ու նշանակությունը՝ լիովին օգտագործելով Սահմանադրությամբ ունեցած իրավասությունը և անցնելով ինքնասպասարկման՝ ինքը գրում է օրենքները, ինքն էլ կատարում՝ խորհրդարանին թողնելով ընդունելու իրավունքը: Բոլորը գոհ են: Նույնիսկ՝ երբ կառավարությունը ԱԺ Կանոնակարգ օրենքում է փոփոխություններ առաջարկում: Հրաշք չէ՞:
Հրաշք է, որ հունիսի 5-ին պաշտոնական այցով Թեհրան մեկնեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա վերջապես պարզեց, որ երկու կետերը միացնող ամենակարճ ճանապարհը ուղիղն է, թեպետ Իրանի պատժամիջոցների վերացումից հետո մեկ տարի էր պետք՝ գտնվեր ամենակարճ ճանապարհը, որ Նալբանդյանը, ուր էլ գնա, միշտ անցնում է Մոսկվայով: Բայց իր մեղքը չէ: Մեր դժբախտությունն է: Գեղեցիկ ու խոստումնալից բազում խոսքեր Թեհրանում ասվեցին, ավելի ստույգ՝ կրկնվեցին: Կա մի նրբություն՝ ՀՀ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ միայն արարողակարգային տեղեկատվությունն է. ԻԻՀ նախագահը, ընդունելով Էդվարդ Նալբանդյանին, նշել է, որ Հայաստանն ու Իրանը ունեն ամուր ու կայուն բարեկամական հարաբերություններ: Նա նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերումից ու պատժամիջոցների վերացումից հետո լավ հնարավորություն է ստեղծվել` բոլոր ոլորտներում զարգացնելու առևտրատնտեսական կապերը։ Ոչ մի կոնկրետություն, իսկ այլ աղբյուրներից հայտնի է՝ Հասան Ռոհանին վերահաստատել է, որ Թեհրանը պատրաստ է Հայաստան-Վրաստան-Եվրոպա գազամուղի կառուցմանը, որ Թեհրանը չի հրաժարվել Պարսից ծոցը Հայաստանով ու Վրաստանով Սև ծովին կապելու գաղափարից: Սա՞ է այն այսբերգը, որի մասին սիրում է խոսել Էդվարդ Նալբանդյանը: Թե՞ սա այն իրավիճակն է, որ Իրանը պատրաստ է, Հայաստանն ուզում է, Ռուսաստանը չի թողնում, ուրեմն ի՞նչ իմաստ ունի տեղեկացնել, թե Հայաստանը ինչ չի ունենա, որովհետև ռազմավարական դաշնակից ունի Ռուսաստանին, որի նախագահը առաջիկայում պատրաստվում է հանդիպման Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Իրանին տարածաշրջանում խաղաղություն է պետք, բաց ճանապարհներ ու քաղաքական պայմաններ՝ տնտեսական զարգացման համար: Ինքնին հասկանալի է, որ Թեհրանում Նալբանդյանը քննարկել է և Ղարաբաղի հարցը:
Պաշտոնական հայկական տեղեկատվությամբ՝ Նալբանդյանը «ներկայացրեց ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերը, մայիսին Վիեննայում կայացած գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված ջանքերը»: Իսկ ԻԻՀ նախագահը կրկնել է, որ Իրանը մշտապես սատարել է տարածաշրջանում անվտանգության, կայունության և խաղաղության ապահովմանը՝ խնդիրների խաղաղ կարգավորման ուղղությամբ, և վերահաստատել, որ Իրանը սատարում է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։ Հրաշք է, որ Հայաստանն ու Իրանը չեղարկեցին վիզային ռեժիմը՝ վերջինը Վրաստանից ու Ադրբեջանից հետո:
Հրաշք է, որ Հայաստան եկավ Չինաստանի Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ Ճան Գաոլին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ասաց, որ «Հայաստանը բաց է չինական ընկերությունների գործունեության համար և պատրաստ է իրականացնել համապատասխան աշխատանքներ՝ նոր և հեռանկարային ներդրումային ծրագրերի իրականացման համար»: Ճան Գաոլին՝ որ Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում հարաբերությունների զարգացումն իր երկրի համար ունի կարևոր նշանակություն: Պեկինը պատրաստ է ֆինանսավորել արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, ճանապարհաշինության, զբոսաշրջության, կրթության և այլ ոլորտներում կարճաժամկետ, երկարաժամկետ ու հեռանկարային խոշոր ծրագրեր: Ճան Գաոլին 60 միլիոն յուան նվիրեց Հանրային հեռուստաընկերությանը: Իսկ Սերժ Սարգսյանը հիշեց Կոնֆուցիոսին. «Եթե դուք մտածում եք տարվա կտրվածքով, սերմեր ցանեք, եթե տասը տարվա կտրվածքով՝ ծառեր տնկեք, եթե հարյուր տարվա՝ կրթեք մարդկանց»: Պատկերացնում եք՝ Լևոն Մկրտչյանը ինչ դարակազմիկ գործ է անում:
Անցուդարձը միայն Հայաստանում չէ: Ադրբեջանի նախագահը գնաց Բեռլին: «Ճիշտ» եղբայրը Բունդեսթագի բանաձևից հետո Մերկելի երեսը տեսնելու նույն ցանկությունը պիտի ունենար, ինչ Էրդողանը, որ շանթ ու որոտ է արձակում:
Բայց գնաց ու կանցլերից լսեց. «Մենք ուզում ենք միասնական փաթեթ ընդունել, որը քայլ առ քայլ կկարգավորի հակամարտությունը մադրիդյան սկզբունքների հիման վրա: Մենք պետք է աջակցենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ այս գործընթացն առաջ գնա»: Գուցե ի պատասխան էլ ասաց. «Մենք Ռուսաստանի հետ ունենք շատ կառուցողական, շատ բարեկամական հարաբերություններ: Մենք Ռուսաստանին դիտում ենք որպես ռազմավարական գործընկեր, Ռուսաստանի գործելակերպը լիովին համապատասխանում է դրան»: Ի հաստատումն՝ ԵԱՀԿ ՄԽ ՌԴ համանախագահ Իգոր Պոպովն ասաց, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ շրջանակային պայմանավորվածությունների հասնելու հեռանկար կա՝ հետագայում իրավական պարտավորություն ունեցող փաստաթղթի ամրագրմամբ:
Ինչի՞ հիման վրա, երբ բանակցությունների վերսկսումը դեռ հարց է: Եվ նորից նույն խայծը նետեց, ինչ Երևանում՝ Ստեփանակերտի բանակցային կողմ դառնալու՝ (որոշակի փուլում դա կարող է տեղի ունենալ, օրինակ՝ հակամարտության կարգավորման շուրջ շրջանակային պայմանավորվածությունների հասնելուց հետո): Երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները շփման գծում հետաքննող մեխանիզմների ներդրման հարցերով փորձագիտական եզրակացությունները փոխանցել են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին և սպասում են եզրակացությունների:
Ադրբեջանական մամուլում ռուս փորձագետները կրկնում են, որ Ադրբեջանի «զիջումը» հաղորդակցությունների բացումը միայն կարող է լինել: Թերևս՝ Իրանից Եվրոպա: Եթե ստացվի հետաքննության մեխանիզմների տեղակայումը շփման գծում, Մոսկվան իր խաղաղապահների տեղակայման ծրագրով ձախողվում է: Սեպը սեպով են հանում. եթե Հայաստանը հրաժարվում է հակաօդային պաշտպանությունը ինքնուրույն տնօրինելուց և ղեկավարումը համաձայնագրով հանձնում է Ռուսաստանին, Ղարաբաղի հարցով որևէ պայմանավորվածություն իմաստը կորցնում է: Ռուսաստանի շանտաժը այդքանով չի վերջանում՝ Մոսկվան հրաժարվում է մատակարարել 200 միլիոն վարկով գնվող զինտեխնիկան, եթե Երևանը պահպանի ինքնիշխան ՀՕՊ-ը և չվավերացնի համաձայնագիրը, որը դեռ Պետդումա չի մտել: Այսինքն՝ եթե ռուսներն ու թուրքերը վերահաստատում են բարեկամությունը, և Թուրքիան նորից խախտում է Հայաստանի օդային սահմանը՝ հետախուզության կամ այլ նպատակով, Հայաստանն իրավունք ունի Մոսկվային տեղեկացնել, որ իր օդային սահմանը խախտվել է, և Կրեմլում պետք է որոշեն՝ ինչ անել, թողնել, որ սահմանախախտը սավառնի՞ Արարատի այս կողմում ու տուն վերադառնա, թե՞ խփեն՝ ասելով, որ ՀՕՊ-ը Հայաստանում է տեղակայված, իրենք չեն պատասխանատուն: Եթե ռուս-թուրքական բարեկամությունը հետաձգվում է, Հայաստանը նույնանում է Թուրքիայի թշնամու հետ:
Փայլուն հեռանկար է՝ անվտանգության ապահովման: Ինչպես՝ ռուս սահմանապահները Հայաստանի սահմաններին, որ սահմանախախտին ոչ թե Հայաստանի իշխանություններին, այլ իրենց ղեկավարությանն են հանձնում, ինչպես Գյումրու ռազմաբազայի զինվորները, որ հաճախ են ցերեկով քաղաք դուրս գալիս՝ սովորաբար խմիչքի ու ծեծկռտուքի հետևից, իսկ երբ գիշերներն են դուրս գալիս, ստացվում է Ավետիսյանների ընտանիքի առեղծվածային սպանություն ու նույնքան առեղծածային հետաքննություն՝ հետագա դատավարությամբ՝ այդպես էլ մարդասպանին հայկական կողմին չհանձնելով: Հրաշք չէ, ի՞նչ է:
Բայց Հայաստանը ժամանակ առ ժամանակ Եվրոպայից ստանում է խրախուսական մրցանակներ՝ ինքնիշխանությունը վերականգնելու հույսով: Այս շաբաթ Հայաստան եկավ Չեխիայի նախագահը: Պետական այցով: Ճիշտ է, Չեխիան խորհրդարանական հանրապետություն է, և Միլոշ Զեմանը, ակտիվ քաղաքական գործիչ լինելով, արարողակարգային իրավասություններ ունի կառավարման համակարգում: Սերժ Սարգսյանը նրան ջերմ է ընդունել և վստահություն է հայտնել, որ նրա այցը իր դրոշմը կթողնի երկկողմ հարաբերությունների պատմության մեջ։ Ասել է՝ Չեխիան Եվրոպայում մեր կայուն ու վստահելի գործընկերներից է, որի հետ համագործակցությունն ամենաբարձր մակարդակի վրա է, քան երբևէ եղել է։ Եվ իբրև բարեկամի՝ տրտնջացել է Իլհամ Ալիևի անհավասարակշիռ վարքագծից, ցինիկ որակումներից ու անձնական վիրավորանքներից՝ համարելով տղայական պահվածք: Միլոշ Զեմանն էլ խոստացել է, որ Պրահա վերադառնալով՝ կհորդորի խորհրդարանի նախագահին Գերմանիայի խորհրդարանի օրինակին հետևել: Հիշեցրել է Գերմանիայի ու Ֆրանսիայի հարյուրամյա պատերազմները, Կոնրադ Ադենաուերին ու Շառլ դը Գոլին. նրանց հաջողվեց վերջ տալ պատերազմին: Ասել է՝ նախագահ Սարգսյանը և նախագահ Ալիևը կարկառուն անձնավորություններ են, որ կարող են նույն դերը խաղալ, ու՝ առաջարկել է բանակցել Պրահայում:
Հունիսին, երբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպեն՝ ո՞վ է լինելու Կոնրադ Ադենաուերը, ո՞վ՝ Շառլ դը Գոլը: Կառաջարկի՞ Սերժ Սարգսյանը Իլհամ Ալիևին գրանցել Գինեսի ռեկորդների գրքում: Հենց այնպես: Հանուն փառքին հագուրդ տալու: Կհարցնի՞՝ ո՞ր 2000 հեկտարն են ապրիլին նվաճել: Ինչքա՞ն է իրականում Ղարաբաղի տարածքը և մեկ հեկտարը՝ Հայաստանում ու Ադրբեջանում: ՈՒր նայում ես՝ հրաշքներ են, խոսում են բոլորը, բայց կա աղմուկ, ու չկա հոդաբաշխ խոսք, ու անգամ լռության ոսկին արժեզրկվում է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ինչո՞ւ Հայաստանի Ազգային ժողովը հարկ չհամարեց անդրադառնալ Բունդեսթագի բանաձևին՝ պաշտոնական հայտարարության մակարդակով: Գոնե ի պատասխան Թուրքիայի Ազգային մեծ ժողովի երեք խմբակցությունների հայտարարության: Սա լռության ոսկի՞ն էր, թե՞ Նալբանդյանի այսբերգը: